Էնդոկրինոլոգիայի դերը մաշկի առողջության հարցում
Մաշկը ժամանակակից պայմաններում անընդհատ ենթարկվում է արտաքին գործոնների բացասական և դրական ազդեցությանը: Բացի արտաքին գործոններից գոյություն ունեն նաև ներքին (էնդոկրին) գործոններ, որոնք ազդում են մաշկի առողջության և արտաքին տեսքի վրա: Էնդոկրինոլոգիան, ուսումնասիրելով ներզատական (էնդոկրին) գեղձերի աշխատանքը և հորմոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, օգնում է մեզ հասկանալ մաշկի, մազերի և եղունգների փոփոխությունների, խնդիրների բուն պատճառը:
Ինչպե՞ս են հորմոնները կարգավորում մաշկի առողջությունը
Օրգանիզմի առողջությունը մեծապես կախված է հորմոնների հավասարակշռությունից, որոնք կարգավորում են նրա բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը՝ սկսած մաշկի խոնավությունից, մազերի առողջ աճից, վերջացրած՝ քաշի տատանումներով, գլյուկոզայի քանակի կարգավորումով արյան մեջ: Օրինակ՝
- Կորտիզոլ, էստրոգեն՝ ազդեցություն են ունենում մաշկի ճարպային գեղձերի ակտիվության վրա: Կորտիզոլի մակարդակի բարձրացումը կարող է առաջացնել մաշկի ավելորդ յուղոտություն, ինչը հաճախ հանգեցնում է ակնեի առաջացմանը։
- Վահանաձև գեղձի հորմոնները (թիրեոիդ հորմոնները) կարևոր են մաշկի խոնավացման և ջերմակարգավորման համար: Հիպոթիրեոզի դեպքում մաշկը կարող է չորանալ և կորցնել իր առաձգականությունը։
- Ինսուլինը նույնպես մեծ դեր ունի մաշկի առողջության համար: Ինսուլինի բարձր մակարդակը հաճախ կարող է հանգեցնել մաշկի բորբոքումների, ինչպես օրինակ՝ ինսուլինակայունության դեպքում: Իսկ ինսուլինի թերի արտադրությունը ենթաստամոքսային գեղձի կողմից հանգեցնում է շաքարային դիաբետի զարգացմանը, որի պատճառով ախտահարվում են մազանոթները, վատանում է մաշկի սնուցումը:
Այս հորմոնների մակարդակների փոփոխությունները կարող են անմիջականորեն ազդել մաշկի վիճակի վրա՝ առաջացնելով տարբեր խնդիրներ:
Էնդոկրին համակարգի խանգարումների դրսևորումները մաշկի վրա
Հորմոնային անհավասարակշռությունը կարող է դրսևորվել մաշկի տարբեր խնդիրներով, օրինակ՝
- Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS). կարող է հանգեցնել մաշկի յուղոտությանը, ակնեի և մազակալման:
- Հիպոթիրեոզ. այս դեպքում մաշկը կարող է չորանալ, թուլանալ և դառնալ խամրած, արմունկների շրջանի մաշկը չոր է և մգացած, եղունգները՝ փխրուն, մազերը՝ խամրած, նոսրացած:
- Շաքարային դիաբետ՝ գլյուկոզայի նորմայից բարձր քանակը արյան մեջ կարող է խաթարել մաշկի մազանոթների գործունեությունը, որը կբերի մաշկի սնուցման խանգարմանը ՝ առաջացնելով չորություն, հաճախակի վնասվածքներ, բորբոքում և խոցեր։
Այս խնդիրները պահանջում են բժշկական մոտեցում, քանի որ միայն արտաքին խնամքը բավարար չէ՝ մաշկի առողջությունը վերականգնելու համար:
Մաշկի խնամք հորմոնային խախտումների դեպքում
Հորմոնային խնդիրների դեպքում մաշկի խնամքը պահանջում է հատուկ մոտեցում։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել մաշկի առողջությունը.
- Մաշկի մաքրման միջոցներ՝
հարկավոր է օգտագործել մաշկի տեսակին համապատասխան մաքրման միջոցներ՝ լվացվելու համար նախատեսված գել կամ փրփուր, մաշկի մեռուկացված բջիջները հեռացնելու համար նուրբ սկրաբ-գոմաժներ, որոնք չեն պարունակում կոպիտ մասնիկներ (կորիզների, սուրճի մասնիկներ): Խուսափել ագրեսիվ մաքրման միջոցներից, որոնք կարող են ավելի շատ գրգռել մաշկը։
- Խոնավացնող միջոցների կիրառում՝
չորացման կամ ավելորդ ճարպոտության դեպքում խոնավացնող միջոցները կօգնեն պահպանել մաշկի հարթությունը և ամբողջականությունը։
- Միջոցներ՝ մաշկի ճարպոտությունը նվազեցնելու համար՝
եթե մաշկը շատ ճարպոտ է, կարելի է կիրառել այնպիսի միջոցներ, որոնք կառավարում են ճարպի արտադրությունը, բայց չեն ջրազրկում և չորացնում մաշկը, ապահովելով ճարպի նվազեցումը և մաշկի խոնավությունը։
- Անցանկալի մազերի հեռացում՝
Անցանկալի մազերի հեռացումից առաջ պետք է դիմել էնդոկրինոլոգի, որպեսզի պարզենք մազակալման պատճառները: Մազահեռացումը խորհուրդ է տրվում սկսել աղջիկների մոտ դաշտանային ցիկլի կայունացումից մեկ տարի հետո, քանի որ մազակալման խանգարումները հանդիսանում են հորմոնալ խանգարումների առաջին նշանները: Առանց պատճառը հայտնաբերելու և բուժելու՝ մազահեռացումը կարող է արդյունավետ չլինել:
- Պիգմենտացիայի նվազեցում՝
Հաճախ մաշկի պիգմենտացիան կապ ունի հորմոնալ ֆոնի խաթարման հետ և տարբեր կոսմետիկ, ապարատային միջոցների միայն արտաքին ազդեցությամբ հնարավոր չէ մաքրել պիգմենտները: Պիգմենտների դեմ պայքարում պետք է մասնակցություն ունենա մաև էնդոկրինոլոգը օրգանիզմի հորմոնալ ֆոնի կարգավորման նպատակով:
Maletti Clinic-ի մասնագետները կկազմեն անհատական խնամքի պրոտոկոլ ձեզ համար:
Էնդոկրինոլոգի և մաշկաբանի համատեղ մոտեցման անհրաժեշտությունը
Հորմոնային անհավասարակշռության դեպքում լավագույն արդյունքի համար կարևոր է, որ մաշկաբանը և էնդոկրինոլոգը աշխատեն միասին։
Էնդոկրինոլոգը կօգնի կարգավորել օրգանիզմի հորմոնների մակարդակը, բարելավվել ձեր էնդոկրին համակարգը:
Մաշկաբանը կկենտրոնանա մաշկի բուժման և խնամքի վրա՝ ընտրելով համապատասխան միջոցներ և պրոցեդուրաներ։
Maletti Clinic-ի մոտեցումը հիմնված է բազմամասնագիտական թիմի համագործակցության վրա՝ նպատակ ունենալով ապահովել պացիենտի առողջությունն ու ապահովությունը բոլոր մակարդակներում։
Հորմոնները կարևոր դեր են խաղում մաշկի առողջության մեջ։ Հորմոնային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ոչ միայն մաշկի արտաքին խնամք, այլև օրգանիզմի հորմոնային համակարգի առողջացում:
Մաշկի լիարժեք առողջության և գեղեցկության համար Maletti Clinic-ը իր էքսպերտ-բժիշկների թիմով ապահովում է անհատական և կոմպլեկս լուծումներ ձեր մաշկի խնդիրների համար: